ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Անհրաժեշտ են լրացուցիչ թիրախային ծրագրեր Դաունի համախտանիշ ունեցող անձանց ինքնուրույնությունը խթանելու, նրանց զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանք իրացնելու ուղղությամբ։ Նման հայտարարություն է արել ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը` Դաունի համախտանիշ ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ։
Նշենք, որ 2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» օր: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշում է համախտանիշն առաջացնող չտրոհվող 21-րդ քրոմոսոմը, որը որևէ կերպ պայմանավորված չէ ծնողների ազգությամբ, բնակության միջավայրով, նրանց վարքագծով կամ առողջական վիճակով։
«Արևները հատկապես սիրում են ստեղծագործել արվեստի տարբեր ճյուղերում և իրենց իսկ օրինակով յուրաքանչյուրիս սովորեցնում աշխարհը բացահայտել յուրովի։Այս օրը ևս մեկ առիթ է յուրաքանչյուրիս համար վերանայելու մեր ընկալումները ներառական հասարակության ձևավորման, հավասար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ՝ մեր ջանքերը նախևառաջ ուղղելով հաշմանդամության նկատմամբ կարծրատիպային դրսևորումների կանխարգելմանն ու բացառմանը։ Սա յուրաքանչյուրիս գործն է»,–գրել է Գրիգորյանը։
Նա ցավով շեշտել է, որ մեր երկրում պետության հոգածության ներքո գտնվող երեխաներից շատերը շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում են հենց հաշմանդամության կամ առողջական խնդիրներ ունենալու հետևանքով։
Մինչդեռ, ընտանիքում ապրելու, համայնքում ներգրավվելու իրավունքը հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ արժեքներ են և չպետք է պայմանավորված լինեն անձի հաշմանդամությամբ։
Նրա խոսքով`պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի հաշմանդամության կանխարգելման, վաղ շրջանում դրա հայտնաբերման նպատակով համայնքահեն ծառայությունների ներդրմանը։
Հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով և կարծրատիպերը կոտրելով է հնարավոր ձևավորել հավասար հնարավորությունների միջավայր, որտեղ պետության և հասարակության առաջընթացը խթանվում է յուրաքանչյուր անձի կարողությունների ու ներուժի լիարժեք կիրառմամբ։