Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները կարևոր հարցերի շուրջ մերձենում են. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլու. Արխիվային լուսանկար
Նախարարը հայտնել է, որ Անկարան ցանկություն ունի անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ գագաթնաժողով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները կարևոր հարցերում, այդ թվում ճգնաժամային, որոշակիորեն մոտենում են իրար, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կա երկու կողմերի դիրքորոշումների մերձեցում կարևոր հարցերի շուրջ, այդ թվում ՝ կրիտիկական։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ դրանք գրեթե համընկնում են առաջին չորս կետերով։ Որոշ հարցեր պետք է լուծել ղեկավարների մակարդակով»,–Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Hurriyet թերթը։
Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Անկարան ցանկություն ունի անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ գագաթնաժողով:
«Մենք եռակողմ հանդիպում անցկացնելու ցանկություն ունենք։ Դա կախված է երկու առաջնորդների դիրքորոշումից։ Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումն անցել է եռակողմ ձևաչափով ՝ երկու կողմերի խնդրանքով»,–ասել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։