Մեղրիում ցրտահարման վտանգ կա. պետք է ծխահարել այգիները

Հատկապես մեծ է ցրտահարության վտանգը ժամը 03:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Առաջիկա երեք օրերի ընթացքում՝ պայմանավորված եղանակային պայմաններով, ցրտահարման վտանգ կա: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Մեղրիի համայնքապետարանը:
«Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվում այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ»,–նշված է գրառման մեջ։
Բացի այդ, ասվում է նաև, որ հատկապես մեծ է ցրտահարության վտանգը ժամը 03:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուստի այգետերերը պետք է ուշադրությամբ հետևեն գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակեն կայուն ծխածածկույթ ապահովել:
Հիշեցնենք, որ ԱԻՆ–ը հայտնել էր` օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Երեկվանից առատ տեղումները չեն դադարում։