ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ–ն մեծապես կարևորում է Իրանի հետ նորանոր ծրագրերի իրականացումը և հայ-իրանական բազմատարր օրակարգի ընդլայնումը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային խաղաղության։
Նովրուզի կապակցությամբ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին ուղղված իր շնորհավորական ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ նշելով, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները շարունակում են իրենց անխաթար զարգացման ուղին։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր որակ կհաղորդվի հայ-իրանական բազմատարր օրակարգ ունեցող հարաբերություններին՝ կենսագործելով իրականացման փուլում գտնվող և օրակարգային նորանոր ծրագրեր՝ ի նպաստ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության»,–ասել է Փաշինյանը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին ու նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
«Վստահ եմ, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները համատեղ ջանքերով փոխշահավետ գործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու համար՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարօրության»,–ասել է Խաչատուրյանը Խամենեիին ուղղված ուղերձում։
Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր) համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը: Այն նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ: Ամենահին աղբյուրը, որտեղ հիշատակվում է Նովրուզի տոնակատարության մասինն զրադաշտականության սուրբ գիրքն է՝ Ավեստան:
Նովրուզի տոնակատարությունը գարնանային գիշերահավասարին սկսել են նշել կապված արևային օրացույցի ի հայտ գալու հետ: Այդ օրացույցի համաձայն՝ տարին սկսել է կամ մարտի 20-ին, կամ 21-ին, երբ սկսում է հողագործության նոր շրջանը: