«Ընտիր գարուն է, սառանք–մեռանք». Սուրենյանի հրապարակած լուսանկարը իրարանցում է առաջացրել

Հայաստան
Օգտատերերը Սուրենյանի գրառման մեկնաբանություններում իրենց բնակավայրերի ձնառատ տեսարաններն են հրապարակել և հումորային գրառումներ արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ում Լոռու մարզի Մարգահովիտ (նախկին Բոզգեղ կամ Համզաչիման) գյուղից լուսանկար է հրապարակել։
«Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում ձյան ծածկը հասնում է 80սմ-ի»,– գրել է Սուրենյանը։
Լուսանկարում երևում է, որ ձյան հաստ շերտը ծածկել է բակում կայանված ավտոմեքենաները։
Օգտատերերը Սուրենյանի գրառման մեկնաբանություններում իրենց բնակավայրերի ձնառատ տեսարաններն են հրապարակել և հումորային գրառումներ արել։
«Ինչ է եղել, ընտիր գարուն է, սառանք–մեռանք»,– գրել է նրանցից մեկը։ Մյուսն էլ «սպառնացել» է` եթե այսպես շարունակվի, կդիմի Հաագայի դատարան։
Որոշ օգտատերեր էլ նկատել են, որ առատ տեղումները նաև դրական կողմ ունեն` այս տարի ջրի պակասից բողոք չի լինի։
Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսումներով` ձմեռային եղանակը Հայաստանում առաջիկա օրերին դեռ կպահպանվի, տեղումներն էլ չեն դադարի։ Մարտի 19-20-ին, 22-ի գիշերը, 23-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Երևանում մարտի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: