ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Դոնեցկում ավելի քան 130 հանքափոր է գետնի տակ մնացել ուկրաինական զորքերի գնդակոծությունից հետո։ Հանքերը հոսանքազրկվել են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԴԺՀ էներգետիկայի նախարարությանը։
«Մարտի 19-ին Ուկրաինայի զինված խմբավորումների հերթական գնդակոծությունների հետևանքով ժամը 12:40-ին Չելյուսկինցևի անվան հանքը (բացառությամբ գլխավոր օդորակիչի) ու «Դոնեցկի ածխային էներգետիկ ընկերության» Սկոչինսկի անվան հանքի երկրորդ արևմտյան օդափոխիչ խողովակը հոսանքազրկվել են», - նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ Չելուսկինցևի անվան հանքում 47 մարդ է գտնվում, իսկ Սկոչինսկու անվան հանքում՝ 85:
ԴԺՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով ևս 18 հանքափորներ շրջափակման մեջ են հայտնվել ԴԺՀ-ի «Հանք 4-21» հանքահորում, փրկարարները փորձում են դուրս բերել նրանց։
«Շուտով փրկարարները կմիացնեն գեներատորը, որպեսզի դուրս բերեն հանքափորներին»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։