ՌԴ–ն և Բելառուսը մաքսատուրքերի փոխանցումները կանեն ռուբլով, ՀՀ–ն կշարունակի վճարել դոլարով

Մաքսակետ
Ռուսաստանի ու Բելառուսի նկատմամբ կիրառված տնտեսական սահմանափակումների պայմաններում դոլարային փոխանցումներն այս երկրներ անհնարին են դարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության 5 անդամ երկրներից 3-ը` Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը, երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների դիմաց գանձվող մաքսատուրքերը միմյանց կշարունակեն փոխանցել դոլարով, ինչպես մինչև հիմա։
Իսկ Բելառուսն ու Ռուսաստանը կանցնեն ռուբլով փոխանցման տարբերակին, քանի որ այդ երկրների նկատմամբ կիրառված տնտեսական սահմանափակումների պայմաններում դոլարային փոխանցումներն անհնարին են դարձել։ Այս որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որը կայացել է մարտի 17-ին Մոսկվայում։
Ինչպես հայտնում է Ղազախստանի վարչապետի պաշտոնական կայքը, աշխատակարգի այս փոփոխության առաջարկն արել է ղազախական կողմը։
«Բանակցությունների արդյունքում պաշտպանվել է ղազախական տարբերակը. ռուսական ռուբլին` տվյալ երկրների կենտրոնական բանկերի սահմանած փոխարժեքով կկիրառվի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուսի Հանրապետություն ներմուծման մաքսատուրքերի հաշվառման ու տեղաբաշխման համար: Ղազախստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում գանձված ներմուծման մաքսատուրքերը նախկինի պես կբաշխվեն և կհաշվառվեն ԱՄՆ դոլարով»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի` երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից գանձված մաքսատուրքերի, գանձվում են տվյալ երկրի ազգային արժույթով։ Հետո այդ գումարը վերածվում է ԱՄՆ դոլարի, փոխանցվում ԵԱՏՄ միասնական բյուջե, որտեղից բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև` ըստ սահմանված համամասնության։
ԵԱՏՄ միասնական բյուջեից Հայաստանի մասնաբաժինը 1.22 տոկոս է: Մեր երկիրը 2019թ–ին Եվրասիական տնտեսական միության՝ մաքսատուրքերից գոյացող ընդհանուր բյուջեից ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ, վճարել ավելի քիչ՝ 63 մլրդ 422 մլն դրամ: