ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան այսօր հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը ս․թ․ մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։
Նշենք, որ մարտի 18-ին Շուշիում նշվել է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը։ Քաղաքում ծածանվել է ՄԱԿ–ի դրոշը։