ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ուկրաինայի հակամարտությունն ու դիմակայությունը ոչ ոքի ձեռնտու չեն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում, որը տևել է 2 ժամ։
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի ճգնաժամն այն չէ, ինչ Պեկինը կցանկանար տեսնել: «Բախումներն ու դիմակայությունը ոչ մեկին ձեռնտու չեն։ Խաղաղությունն ու անվտանգությունը միջազգային հանրության ամենաարժեքավոր հարստությունն են», - ասել է նա։
Սի Ծինփինը նաև կոչ է արել Բայդենին ջանքեր գործադրել համաշխարհային խաղաղության և հանգստության պահպանման համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը չինացի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում խնդրել է նրան ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը դադարեցվի: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը հույս է հայտնել, որ ՉԺՀ-ի նախագահը «ճիշտ դիրքորոշում կունենա»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Բայդենը կզգուշացնի Չինաստանի առաջնորդին պատասխանատվության մասին, եթե նա աջակցություն ցուցաբերվի Ռուսաստանին Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում բոլոր երկրներին, «հատկապես այն երկրներին, որոնք անմիջական ազդեցություն ունեն Ռուսաստանի վրա, օգտագործել իրենց ունեցած բոլոր լծակները»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։