ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկատվական ահաբեկչություն է անվանել արևմտյան երկրների խտրական վերաբերմունքը ռուսական լրատվամիջոցների նկատմամբ։
RT-ին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ այդ ալիքը, ինչպես նաև Sputnik գործակալությունը վաղուց են իրենց վրա զգում արևմտյան խտրականության հետևանքները։
«RT-ն և Sputnik-ը արդեն մի քանի տարի է, ինչ տարբեր երկրներում սահմանափակումների են բախվում։ Օրինակ՝ նրանց թույլ չեն տվել մասնակցել Ելիսեյան պալատի ճեպազրույցներին։ Երբ մեր ֆրանսիացի գործընկերների ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ դա հակասում է ԵԱՀԿ նորմերին ու կանոններին, նրանք հերքեցին դա` ասելով, որ տեղեկատվության հասանելիությունը վերաբերում է միայն լրատվամիջոցներին, իսկ RT-ն ու Sputnik-ը լրատվամիջոցներ չեն, այլ քարոզչական գործիքներ»,- ասել է արտգործնախարարը։
Պարտավորությունների խախտման մեկ այլ օրինակ էլ, ըստ Լավրովի, Լոնդոնում կազմակերպված ԶԼՄ-ների ազատության համաժողովն է, որին ռուսական կողմն անգամ հրավիրված չի եղել, ոչ մի ռուսական լրատվամիջոցի թույլ չի տրվել ներկա լինել այդ միջոցառմանը։
«Ռուսաստանը վաղուց է հասկացել, որ Արևմուտքի համար իրականում անկախ լրատվամիջոց հասկացություն չկա։ ԱՄՆ-ում միայն Fox News-ն է փորձում այլընտրանքային ինչ-որ տեսակետ ներկայացնել։ Եթե նայեք այլ հեռուստաալիքներ, լրատվամիջոցներ ու սոցիալական ցանցեր, կտեսնեք, որ գրաքննությունն այժմ էլ շարունակվում է»,- ասել է Լավրովը։
Նախարարը տեղի ունեցողն անվանել է պատերազմ, որտեղ կիրառվում են տեղեկատվական ահաբեկչության մեթոդներ։