ՌԴ ԶՈւ–ն Մարիուպոլում սեղմում է շրջափակման օղակը. ՊՆ

Իգոր Կոնաշենկով
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության ԶՈւ–ն սեղմում է Մարիուպոլում շրջափակման օղակը և պայքարում ազգայնականների դեմ։ Այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Մարիուպոլի կենտրոնում մարտեր են ընթանում»,- ասել է գեներալ-մայորը և ավելացրել, որ գործողությանը մասնակցում են նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները։

Նրա խոսքով` ռուս զինվորականներն անցած գիշեր ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք են խոցել, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար ՏԲ–2»։
Կոնաշենկովի խոսքով` օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան ռազմական 81 օբյեկտ է խոցել Ուկրաինայում, այդ թվում՝ հրթիռային 4 համալիր, հրամանատարական 3 կետ, զինամթերքի 8 պահեստ և ռազմական տեխնիկայի կուտակման 28 վայր։
Գեներալի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 183 անօդաչու թռչող սարք, 1406 տանկ և այլ զրահատեխնիկա, 138 բազմակի հրթիռահրետանային կայանք, 535 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1197 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ԼԺՀ զորքերը ՌԴ ԶՈւ աջակցությամբ ազատագրել են հանրապետության տարածքի ավելի քան 90%-ը։
«Այժմ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները ոչնչացնում են ազգայնականների ցրված խմբերը Ռուբիժնե ազատագրված բնակավայրի հարավային ծայրամասերում»,- ասել է նա։
Խոսելով ԴԺՀ-ում աշխարհազորայինների և ռուսական բանակի առաջխաղացման մասին՝ գեներալը նշել է, որ զորքերի խմբին հաջողվել է մեկ օրում առաջ շարժվել 16 կիլոմետր, վերահսկողության տակ վերցնել Զոլոտայա Նիվա, Նովոդոնեցկոե, Նովոմայսկոյե և Պրեչիստովկա բնակավայրերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։
ՌԴ ԶՈւ–ն ապահովել է շուրջ 43 հազար մարդու տարհանումը Մարիուպոլից