ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք, հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես ՊԵԿ աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում կանաչ ուղու եզրագիծը հատելուց հետո հսկողության են ենթարկվել Աբու Դաբի-Երևան ավիաչվերթով Երևան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների ձեռքի պայուսակները:
Զննման արդյունքում ձեռքի երկու պայուսակներից հայտնաբերվել է ընդհանուր թվով չհայտարարագրված տարբեր մոդելի հեռախոսներ, ականջակալներ, դյուրակիր համակարգիչներ և ձեռքի էլեկտրոնային ժամացույցներ: Չհայտարարագրված ապրանքների շուկայական արժեքը գերազանցում է 15 մլն դրամը:
Փաստի առթիվ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով և նախապատրաստված նյութերի հետ միասին, վարչական վարույթ իրականացնելու նպատակով ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։