Պուտինի ու Զելենսկու հանդիպման մասին խոսելուց առաջ պետք է հաստատել պայմանագիրը. Մեդինսկի

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին պատասխանել է հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հնարավոր է մոտ ապագայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ հաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագրի տեքստը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ես բացարձակապես պատրաստ չեմ դա մեկնաբանել։ Ասեմ միայն, որ ղեկավարների հանդիպման մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է, որ բանակցողների պատվիրակությունները նախապատրաստեն և համաձայնեցնեն պայմանագրի տեքստը։ Դրանից հետո մեր առաջարկների վերաբերյալ պայմանագրի տեքստը պետք է նախաստորագրվի արտգործնախարարների կողմից, համապատասխանաբար հաստատվի կառավարությունների կողմից։ Միայն դրանից հետո իմաստ ունի խոսել գագաթնաժողովի մասին», - ասել է նա։
Մեկնաբանելով բանակցային գործընթացը՝ Մեդինսկին հայտնել է, որ Մոսկվան ու Կիևն Ուկրաինայի ապառազմականացման հարցում «մոտավորապես կես ճամփին են»:
Կողմերի բանակցային դիրքորոշումների առաջխաղացումն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայի դենացիֆիկացիան ու ապառազմականացումը, նրա խոսքով, կարելի է տարբեր կերպ գնահատել:
«Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, կասեի` 50/50 է։ Բանն այն է, որ ես լիազորված չեմ բացահայտել բանակցությունների որևէ մանրամասն ու չեմ անի դա։ Ո՛չ կոնկրետ թվեր, ո՛չ բանակցող կողմերի փաստարկները։ Բայց այդ մասով մենք մոտավորապես կես ճանապարհին ենք», - նշել է ռուսական պատվիրակության ղեկավարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։