Պապիկյանն այցելել է Սյունիքի մարզ. նա 2 զինվորի մահվան վերաբերյալ ցուցումներ է տվել

Պաշտպանության նախարարը տեղի ունեցածը համարել է որոշ ստորաբաժանումներում կարգապահության, նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Սյունիքի մարզ և զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մարտի 16-ին ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, 20-ամյա Ալբերտ Սիրոյանի դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ։ Մարտի 17-ին էլ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում էլ հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, 19-ամյա Էդուարդ Ռուստամյանի դին` հրազենային վիրավորումով։
Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:
Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
Աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը:
Պաշտպանության նախարարն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: