ԵՐԵՎԱՆ, 18 մարտի— Sputnik. Մերձբալթյան հանրապետությունները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, արտաքսում են Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պատճառների ձևակերպումները սպասելի էին. Լատվիայի և Լիտվայի ԱԳՆ-ները նշում են«դիվանագիտական կարգավիճակին հակասող գործունեության» պատճառով, իսկ էստոնական գերատեսչությունը դիվանագետներին մեղադրում է իբր երկրի «անվտանգության խաթարման» և «քարոզչության տարածման» մեջ:
«Էստոնիան արտաքսում է Տալլինում Ռուսաստանի դեսպանատան երեք դիվանագիտական աշխատակցի, որոնք խախտել են Վիեննայի կոնվենցիան։ Նրանք ուղղակի և ակտիվ կերպով խափանել են Էստոնիայի անվտանգությունը և քարոզչություն են տարածել, որն արդարացնում է Ռուսաստանի անօրինական ռազմական գործողությունները», - ասված է ԱԳՆ-ի Twitter-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երեք երկրների որոշումները համաձայնեցված են եղել։
Ավելի վաղ Բուլղարիան հայտարարել էր 10 ռուս դիվանագետների persona non grata հայտարարելու մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։