Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց

Գառնիկ Իսագուլյան. Արխիվային լուսանկար
Իսագուլյանը հայտարարել էր, թե ՀՀ վարչապետը Բաթումում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի գումար խնդրի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, այսօր որոշեց փոխել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
Դատավորը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և կալանքը փոխեց 10 միլիոն դրամ գրավով:
«Գրավի գումարը մուծված լինելու ապացույցը ներկայացնելու դեպքում Գառնիկ Սամվելի Իսագուլյանին անհապաղ ազատել կալանքից»,– որոշումը հրապարակեց դատավոր Մարգարյանը։
Հիշեցնենք` Իսագուլյանը կալանավորվել էր 2021-ի դեկտեմբերին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)։
Իսագուլյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Ուկրաինայում ՀՀ դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ։ Արդյունքում որոշվել է, որ ՀՀ վարչապետը Բաթումում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է, և չեն կարողանում թոշակները վճարել։