ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Մարտի սկզբներից առայսօր բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ժամանակավոր կամ երկարատև բնակության համար ընտանիքն Արցախից Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԱԾ–ն։
Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր անհապաղ ուսումնասիրություններ կատարել և այդպիսի դեպքերի մասին շտապ զեկուցել։
«Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է բերել ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության կամ միմյանց նկատմամբ թշնամության կամ ատելության ձևավորման: