Խոսքով բացառելով Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի ռազմական դիմակայությունը՝ Վաշինգտոնը Բուխարեստին, Բրատիսլավային և Վարշավային Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման է դրդում, դրդում է ռուսական կոշտ պատասխանի և ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի անխուսափելի ընդգրկմանը․ իրադարձությունների նման զարգացումը ինքնասպանություն կլինի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի համար։
ԱՄՆ-ն, Գերմանիան և Ֆրանսիան մարտի 15-ին հերթական անգամ պաշտոնապես բացառել են ռազմական դիմակայությունը Ռուսաստանի հետ և Ուկրաինան ՆԱՏՕ-ի կողմից ոչ թռիչքային գոտի սահմանելը՝ դաշինքի երկրների տարածքում ռազմական գործողությունների ընդլայնման սպառնալիքի պատճառով:
Սակայն նույն օրը Կիևում Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին առաջարկել է Ուկրաինա ուղարկել ՆԱՏՕ-ի զինված խաղաղապահ առաքելությունը՝ «լայն միջազգային կազմով»։
Կաչինսկուց բացի, Կիևի ռեժիմին անձնական ներկայությամբ աջակցել են Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները՝ Մատեուշ Մորավեցկին, Պյոտր Ֆիալան և Յանեզ Յանշան։
Այս ալիքից ոգևորված, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «միջուկային տերության հետ ռազմական դաշնակցության» հույս է հայտնել։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել Է, որ Կիևի իշխանությունների դիրքորոշումը որոշում է ԱՄՆ-ն: ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է Կիևին ռազմական կարիքների համար ավելի քան 1 մլրդ դոլար հատկացնելու մասին: Նախօրեին Բայդենը ստորագրել է Ուկրաինային 13,6 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու փաթեթը։ Սպիտակ տունը դիտարկում է Ուկրաինային Switchblade-600 նորագույն հարվածային անօդաչու սարքեր մատակարարելու հնարավորությունը, որոնք նախատեսված են տանկերի ոչնչացման համար (մարտական պայմաններում ստուգված չեն):
Այս ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցուցադրում է, թե վստահ է ռազմավարության ճիշտ ընտրության հարցում, այն է՝ պատերազմ մինչև վերջ, չնայած ավերածություններին ու տնտեսության կանգին, առանց տարածքային զիջումների և Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու։ Ընդ որում՝ ՆԱՏՕ-ի 70-ամյա պատմությունն ապացուցում է, որ խոշոր բյուջեն ռազմական հաղթանակներ չի երաշխավորում։
Էսկալացիայի սահմանները
Վերջերս Դաշինքի խորհուրդը չի կարողացել միասնական որոշում ընդունել «Ուկրաինային ռազմական օգնության կտրուկ ընդլայնման մասին» հարցի շուրջ, էլ չենք խոսում «խաղաղապահ» ռազմական ներխուժման մասին։ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների արտահերթ հանդիպումը (մարտի 16) Վրաստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի գործընկերների մասնակցությամբ նվիրված է «արևելյան թևում» դիրքերի ուժեղացմանը: Թվում է, թե հավաքական Արևմուտքը մոռացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստների և աղետների մասշտաբները։ Դաշինքի ռազմական ներխուժումը Ուկրաինա տեխնոլոգիապես հնարավոր է։
Ուկրաինան չի գնում ՆԱՏՕ, որը նախկինի պես ձգտում է տիրանալ Ուկրաինայի տարածքին։ Հերթական արկածախնդրության «ցնցումն ու դողը» մեղմելու համար ամերիկացիները պլանավորում են եվրոպական դաշնակիցներին աստիճանաբար ներքաշել (միացնել) Ռուսաստանի դեմ զինված հակամարտությանը։ Դաշինքի «արևելյան թևում» առաջին անգամ արձագանքման ուժեր են տեղակայվել՝ շուրջ 40 հազար զինծառայող։
Բարձր մարտական պատրաստության վիճակում են գտնվում ՆԱՏՕ-ի հարյուր հազարավոր զինվորներ, ներառյալ «Եվրոպայում ԱՄՆ բանակի 100 հազար զինծառայողները»՝ ռազմածովային, ռազմաօդային ուժերի և ՀՕՊ-ի աջակցությամբ։
Շարունակվում Է Պենտագոնի զրահատեխնիկայի տեղափոխումը Գերմանիայից Լեհաստան և Ռումինիա: ՌԴ-ի սահմանների մոտ՝ անդրբևեռային հատվածում, անցկացվում են ՆԱՏՕ-ի «Cold Response – 2022» մասշտաբային զորավարժությունները՝ շուրջ 30 հազար զինծառայողի, 50 նավի և 200 մարտական ինքնաթիռի մասնակցությամբ, ներառյալ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական հրթիռակիր ռմբակոծիչները:
Չնայած Ուկրաինային Լեհաստանի ռազմաօդային ուժերի 24 հատ ՄիԳ-29 կործանիչների փոխանցման նախնական պլանի ձախողմանը՝ ԱՄՆ-ը Կիևին հարվածային ինքնաթիռներ ու «Բուկ» և խորհրդային արտադրության Ս-300 զենիթահրթիռային համակարգեր (ԶՀՀ) մատակարարելու նոր հնարավորություններ է փնտրում Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում՝ երկկողմ ռեժիմով, առանց դաշինքի բոլոր անդամների հետ համաձայնեցման:
Ռումինիայից, Սլովակիայից, Լեհաստանից նման մատակարարումների համար հնարավոր վրեժը («Կալիբր»-ներով հարված բազային օդանավակայանին կամ մատակարարման ուղիներին) մեծ մտավախություններ է առաջացնում Բուխարեստում, Բրատիսլավայում և Վարշավայում: Ուկրաինային ինքնաթիռների և ԶՀՀ-ների փոխանցման՝ ամերիկացիների հավանությանն արժանացած երկկողմանի ձևաչափը ( «սուվերեն լուծում»՝ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի բնորոշմամբ) չի երաշխավորում 5-րդ հոդվածի «ավտոմատ» ներառումը:
Ռումինիայի ՊՆ-ում նշում են. «Պատերազմական վիճակում գտնվող երկրին կործանիչներ տրամադրելու համար անհրաժեշտ է ստանալ ՆԱՏՕ-ի թույլտվությունը»: Դա չի կարելի անել երկկողմանի հիմքով՝ առանց ամբողջ դաշինքի ներգրավման, այստեղ հատվում է «կարմիր գիծը» (ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 12-ին նախազգուշացրել էր, որ Կիևին ռազմական օգնության օտարեկրյա շարասյուները օրինական թիրախներ են)։
Մարտի 24-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովը ամենայն հավանականությամբ կավելացնի ԱՄՆ-ի արևելաեվրոպական դաշնակիցների վճռականությունը և նրանց ևս մեկ քայլով կմոտեցնի Ռուսաստանի հետ զինված հակամարտությանը:
Պենտագոնի ներկայացուցիչը Air Force Magazine ամսագրին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ բանակցությունները կարող են հանգեցնել արևելյան թևում ԱՄՆ-ի մշտական ներկայության ընդլայնմանը: «Եթե մենք կռվի մեջ մտնենք ռուսների հետ, մենք կարող ենք շատ անկանխատեսելի լինել»։
Եթե եվրոպական լիմիտրոֆներից (Հին Հռոմում՝ կայսրությանը կից պետություններ, որոնք պարտավոր էին սահմանային լեգեոններ կազմավորել և տրամադրել տվյալ տարածքի պաշտպանության համար – խմբ.)որևէ մեկն այլ պլաններ ունի, դա գործնականում ոչինչ չի նշանակում, և Միացյալ նահանգներին դա չի կանգնեցնի։
Հիշեցնենք, որ 1997թ․-ին Պենտագոնը Մոլդովայում ավելի քան 20 ՄիԳ-29 կործանիչ է ձեռք բերել՝ կանխիկ 40 միլիոն դոլարի դիմաց, ինչը «ազատության աստիճաններ» է ավելացնում։
Անխոհեմ «հեգեմոնը» սկսում է երկու ճակատով պատերազմի նախապատրաստվել՝ Ռուսաստանի և Չինաստանի դեմ։ Ամերիկյան «Չինաստանը՝ նախևառաջ» ռազմավարությունը ոչ արդիական է ճանաչվել, քանի որ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Պենտագոնի զորքերի և ուժերի գերակշռող կենտրոնացումը Ռուսաստանին «հաղթական ճանապարհ է ապահովում Եվրոպայում»: ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները պետք է մեծ ցնցումների պատրաստվեն։
Վտանգավոր հյուրախաղեր
ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար և Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոդ Ուոլթերսը կարծում է, որ Արևելյան Եվրոպայի երկրների մարտական ինքնաթիռներն Ուկրաինային մեծ օգուտ չեն բերի, քանի որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը օրական իրականացնում են շուրջ 200, իսկ Ուկրաինան՝ մինչև 10, ինքնաթիռաթռիչք:
Եվ այնուամենայնիվ, Ուկրաինայի ՌՕՈւ-ի խփված ինքնաթիռների և անօդաչուների անընդհատ աճող թիվը կարելի է բացատրել ոչ միայն երկրի արևմուտքի ռազմական օդանավակայանների վերականգնմամբ, այլև Ռումինիայի և Լեհաստանի սահմանամերձ օդանավակայաններում տեղակայմամբ: ՆԱՏՕ-ի հեռահար ռադիոտեղորոշիչների հայտնաբերման և վերահսկման ինքնաթիռներից ստացված տեղեկատվությունը ուկրաինացի օդաչուներին թույլ է տալիս փոքր բարձրությունից թաքուն առանձին հարվածներ հասցնել ռուսական ապահովման շարասյուներին և ժամանակին թաքնվել Ռուսաստանի գերիշխող օդատիեզերական ուժերից: Շատ վտանգավոր խաղ է «գործընկերների» համար։
Նախագահ Զելենսկու՝ ԱՄՆ կոնգրեսականներին ուղղված պահանջը Կիևին Ս-300 համալիրներ տրամադրելու, թուրքական հարվածային ԱԹՍ «Բայրաքթարների» նոր խմբաքանակ մատակարարելու մասին, Ուկրաինայի՝ իբրև թե չկառավարվող անօդաչու թռչող սարքերի սադրիչ «մոլորումները» դաշինքի արևելաեվրոպական երկրների տարածքում (առայժմ առանց քիմիական կամ մանրէաբանական զենքի), ամերիկացիների կողմից կազմակերպված սադրանքների շղթայի օղակներ են թվում՝ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ մարտական գործողությունների մեջ ներքաշելու նպատակով:
Եվ այնուամենայնիվ, Վաշինգտոնին չի հաջողվում արդյունավետ «դիրիժորություն անել» միջազգային արձագանքի համերգում։ Ուկրաինայում արդարացի ռուսական հատուկ գործողության «համաշխարհային դատապարտումը» ակնհայտորեն չի ստացվել։ «Մի սուլոցով» միացավ միայն մարդկության ընդամենը 15՝ ԱՄՆ-ին ենթակա տոկոսը (ՆԱՏՕ-ի երկրներն ու մյուս վասալները)։ Ասիայի երկրներն ըմբռնումով մոտեցան ՌԴ Զինված ուժերի հարկադրված գործողություններին։
Թուրք փորձագետները հաստատել են ռուսական ռազմական գործողության անթերի լինելը և հաջողություն են կանխատեսել։ Սիրիայի մոտ 23 հազար քաղաքացի պատաստակամություն է հայտնել զենք վերցնել և օգնել Ռուսաստանին ազատագրել Ուկրաինան նեոբանդերականներից։
Բրիտանական The Guardian պարբերականը նշել է, որ մարտի 15-ին Հռոմում ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի բանակցությունները ցույց են տվել Մոսկվայի հետ համագործակցության հարցում Պեկինի լուրջ տրամադրվածությունը: Պարզվում է՝ ՉԺՀ-ի նախագահին և Ռուսաստանի նախագահին «միավորում Է ԱՄՆ-ի մասին կարծիքը՝ որպես բռնապետ», երկու առաջնորդներն էլ տրամադրված են «վերջ դնել ԱՄՆ-ի գլոբալ գերիշխանության ժամանակաշրջանին»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը հաջողությամբ է ընթանում, բոլոր առաջադրված խնդիրները, անկասկած, կլուծվեն: Մյուս կողմից, արևմտյան երկրների զորքերն Ուկրաինայում անխուսափելիորեն կհայտնվեն սեփական քարոզչության և աֆղան-իրաքյան «մարտական փորձի» ծուղակում, որտեղ հակառակորդը տեխնոլոգիապես թույլ էր։
Բաժանորդագրվեք Telegram-ում ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի ալիքին