Շիրակն ու Լոռին նոր պարեկային ծառայություն կունենան. 2 մլրդ 35 մլն դրամ տրամադրվեց

Ընդունելություն է հայտարարվել Տավուշի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ստեղծվող պարեկային նոր ծառայություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 2022թ–ի բյուջեից ՀՀ ոստիկանությանը հատկացվել է 2 մլրդ 35 մլն դրամ, որը նախապես նախատեսված չի եղել պետական բյուջեով։
Ինչպես նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, նոր միջոցներն օգտագործվելու են 2022թ. ապրիլին Լոռու և Շիրակի մարզերում նոր պարեկային ծառայության համար ավտոմեքենաներ, կապի միջոցներ ու տեխնիկական այլ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։
Նախագծի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ թեև պարեկայի ծառայությունը ՀՀ–ում ներդրվել է ընդամենը 8-9 ամիս առաջ, բայց այդ կառույցում մ աշխատանքի անցնելու համար արդեն մեծ մրցակցություն կա։
«Մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում ու այդ որակավորման քննությունը հանձնելուց հետո նոր անցնում են աշխատանքի»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ հետագայում էլ ծառայողական առաջխաղացում ունենալու համար պարեկները պետք է նոր վերապատրաստումներ անցնեն ոստիկանության ակադեմիայում։
Փաշինյանը հիշեցրեց, որ այս պահին ընդունելություն է հայտարարվել Տավուշի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ստեղծվող պարեկային նոր ծառայություններում։
Հիշեցնենք` Պարեկային ծառայության առաջին ստորաբաժանումը ՀՀ–ում ստեղծվել էր 2021թ–ի հուլիսին, Երևանում։