ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության ԶՈւ–ն ապահովել է Մարիուպոլից շուրջ 43 հազար մարդու տարհանումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Մարիուպոլում անցկացվող հումանիտար գործողության շրջանակում հնարավոր է եղել ապահովել 42 992 մարդու անվտանգ տարհանումը։ Բնակչությանը փոխանցվել է 134 տոննա դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև պարեն, այդ թվում և մանկական սնունդ»,– ասել է Միզինցևը։
Նա ընդգծել է, որ շարունակվում են Ուկրաինայի քաղաքացիների և օտարերկրացիների տարհանման համալիր միջոցառումները։ Ազգայնականներից ազատագրված տարածքներում էլ աշխատանքներ են տարվում խաղաղ կյանքը վերականգնելու ուղղությամբ։
Վերջին օրերին ՌԴ տեղափոխվելու խնդրանքով դիմել է 7 513 Ուկրաինայի քաղաքացի և օտարերկրացի։ Ուկրաինայի զինյալների մոտ շարունակում գերի է մնալ 6 894 քաղաքացի` 21 երկրից։
Մարտի 2-ից Ռուսաստանից Ուկրաինա է տեղափոխվել 3 175 տ հումանիտար օգնություն, 385 հումանիտար ակցիա է կազմակերպվել, եզրափակել է Միզինցևը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 22–րդ օրը։