ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեղեկություններ ունի Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից արևմտյան երկրների աջակցությամբ սադրանք նախապատրաստելու մասին։
Ըստ ռուսական կողմի, քաղաքացիական բնակչության դեմ Ուկրաինան նախապատրաստում էր թունավոր նյութեր կիրառել` քիմիական զենք կիրառելու համար Ռուսաստանին մեղադրելու նպատակով։
«Հատուկ ռազմական գործողության մեջ ներգրավված ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները չունեն և չեն կարող ունենալ քիմիական զինամթերք,– ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ,– Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, վաղուց է կատարել իր միջազգային պարտավորությունները՝ ամբողջությամբ ոչնչացնելով քիմիական զենքի բոլոր պաշարները»։
Նշվում է, որ թունավոր նյութերի կիրառմամբ հնարավոր սադրանքները ճնշելու նպատակով ազատագրված տարածքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցնում վտանգավոր օբյեկտները` ապահովելով դրանց անվտանգությունը։
ՌԴ ՊՆ–ն հայտնում է նաև, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ բրիգադում ռուսական զորքերի կողմից առգրավված փաստաթղթերի թվում ռուսական կողմի մոտ է հայտնվել Ուկրաինայի քարտեզը` թունավոր նյութերի ու դրանց տեսակների պահպանման բոլոր վայրերով։
«Թունաքիմիկատների կիրառմամբ սադրանքի ցանկացած փորձ` Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից, բացահայտվելու է»,– ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։