Միրզոյանը Փարիզում ֆրանկոֆոն երկրների ղեկավարներին կոչ է արել զսպել Ադրբեջանին

Արարատ Միրզոյանը կրկին շեշտել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Չնայած բազում մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակից մինչև 2020թ. 44-օրյա պատերազմ՝ Հայաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների շարունակական գործընթացին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի արժեքների վրա։ Այսօր նման հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` Փարիզում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստի ժամանակ ունեցած իր ելույթոում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԳ նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում իրավիճակի էսկալացիային ուղղված գործողություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքների վերականգնման հարցում խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ զերծ մնալու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման փորձերից:
Շեշտվել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորմանը և պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով այսօր է մեկնել Փարիզ՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին։
Միրզոյանը Փարիզ էր մեկնել նաև մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում։ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։