ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Կոտայքի մարզում` Երևան–Սևան ճանապարհին գործող «Նոր տուն» հացատանը երեկ վիճաբանություն է տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 2 տղամարդու հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 19։00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ հրազենային վնասվածքով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Արգամ Մանուկյանն է և վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։
Մինչ ոստիկանները փորձել են պարզել դեպքի հանգամանքները, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» ԲԿ-ից ոստիկանությանը հայտնել են, որ «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Նորայր Սարգսյանն է, որը նույնպես վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։