Ֆրանսիայի նախագահի թեկնածուի վրա վարդագույն փոշի են լցրել

Վալերի Պեկրես
Վալերի Պեկրեսը տեղի ունեցածի կապակցությամբ բողոք չի ներկայացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ֆրանսիայի «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի վրա վարդագույն փոշի են լցրել Փոքր և միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայում ելույթ ունենալուց հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Պեկրեսի վրա վարդագույն փոշի են լցրել «Akira» շարժման 2 ակտիվիստները (հեռուստաալիքը «Akira»–ն «հեղափոխական շարժում» է անվանում)։
Միջադեպից հետո Պեկրեսն առաջարկել է խոսել ակտիվիստների հետ։ «Իմաստ չունի»,–- պատասխանել է նրանցից մեկը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Պեկրեսը չի պատրաստվում բողոք ներկայացնել։ Ակտիվիստներին բերման են ենթարկել։
Հիշեցնենք` Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հրապարակել է նախագահական ընտրություններում թեկնածուների վերջնական ցուցակը, որում 12 քաղաքական գործիչ է ընդգրկվել, այդ թվում` գործող նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը նախատեսված է ապրիլի 24-ին:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուի գլխին ձու են ջարդել. տեսանյութ