«Ֆինիկո» անվամբ ընկերությունը ֆինանսական բուրգ է ստեղծել` շատերի գումարները յուրացնելով

Նշված ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել քննչական կոմիտե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՊԵԿ-ը տվյալներ է ձեռք բերել, որ 2020թ. մարտից ՀՀ–ում գործունեություն է իրականացրել «Ֆինիկո» («FINIKO») անվանբ ընկերություն, որը ֆինանսական բուրգ է ստեղծել և ղեկավարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով դեպքից։
Մասնավորապես, «Ֆինիկոն» («FINIKO») գործել է որպես ֆինանսական ներդրումային գործունեություն իրականացնող ընկերություն և հաճախորդներին առաջարկել է ներդրումներ կատարել՝ հետագայում 25-30 տոկոս եկամուտ ստանալու նպատակով: Ներդրումները կատարվել են կանխիկ գումարները կրիպտոարժույթի փոխարկելու և դրանք ընկերության համապատասխան էլեկտրոնային դրամապանակ մուտքագրելու եղանակով:
Պարզվել է, որ ստեղծվել և ղեկավարվել է ֆինանսական բուրգ. գույք ներդրողի օգուտը պայմանավորվել է նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին՝ առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության։ Այսպիսով, անձանց պատճառվել է խոշոր չափի վնաս:
Պարզվել է նաև, որ ՀՀ տարածքում «Ֆինիկո» անվանումով ընկերության գործունեությունը ղեկավարվել է Վազգեն Զոբոյանի և վերջինիս կնոջ կողմից, որոնք 2021թ. հուլիսի 31-ից ՀՀ–ում չեն գտնվում:
Նշված ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել քննչական կոմիտե։
Հավելենք, որ Ռուսաստանում գործող համանուն ընկերության գործունեությունից տուժել են նաև Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ավստրիայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։