ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին «Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` հավելելով, որ անհրաժեշտ ստորագրությունները արդեն հավաքվել են։
Մարտի 8-ից ՀՀ–ից Արցախ մտնող գազատար խողովակը վնասվել է, և մինչ օրս Արցախը զրկված է գազից։
«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս հրատապ քննարկումներ իրականացնել այն հարցերի շուրջ, որոնք այդ պահին մեծ կարևորություն ունեն։ Այս փուլում կարևորագույն հարցերից մեկն Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի հարցն է, քանի որ հիմա այնտեղ ճգնաժամ կա»,–ասաց Աբրահամյանը։
Նա նշեց նաև, որ հրատապ քննարկումն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նստաշրջանում։
Պատգամավորը հայտնեց նաև, որ նախագծի զեկուցողը հենց ինքն է լինելու, սակայն որպես հարակից զեկուցողներ ընդդիմությունն առաջարկել է, որ հանդես գան արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով` Մհեր Գրիգորյանը պատասխանատու է նաև ենթակառուցվածքների առումով, և հարցն առնչվում է նրա կոորդինացիայի տակ գտնվող ոլորտներին։
Սակայն ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ ՔՊ–ի կամքից է կախված` կլինի՞ նման քննարկում, թե ոչ, քանի որ ձայների մեծամասնությամբ է որոշվում դա։
Ինչ վերաբերում է Արցախում տիրող իրավիճակին` Աբրահամյանը նշեց, որ այս պահին որևէ կտրուկ փոփոխություն չկա, բանակցություններ են ընթանում գազի խողովակի վերականգնման համար։
Հիշեցնենք, որ գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհուրդը հայտնել էր, որ ռուս խաղաղապահները տեղյակ են խնդրի մասին և բանակցում են վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։