79 նոր դեպք, 8 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

COVID-19-ը հայտնաբերելու թեստ. Արխիվային լուսանկար
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 79-ով և դարձել 422155: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3019 մարդ (-41), կատարվել է 2941837 թեստավորում (+3193), առողջացել են վարակվածներից 408907-ը (+108): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8-ով և դարձել 8587։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2–ով և դարձել 1642–ի (+1)։

Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։
2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ–ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։
2022թ–ի մարտի 2–ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: