ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանում ԶՈւ վարժական զորահավաքները կթվայնացվեն։ Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` պատասխանելով վարժական հավաքներին միշտ նույն անձանց զորակոչելու մասին հարցին։
Փոխնախարարը հայտարարեց, որ ՊՆ ղեկավարությունը ևս այդ պրոցեսից գոհ չէ, բայց և վստահեցրեց, որ թվային համակարգի գործարկմամբ սուբյեկտիվ մոտեցումները հնարավորինս կբացառվեն։
«Խուսափողներ լինում են, որոնց նկատմամբ իրականացվելու են օրենքով սահմանված միջոցներ»,– ասաց Սարգսյանը` հիշեցնելով, որ վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված է քրեական պատասխանատվություն։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ 2022թ. ապրիլի 15-ից հունիսի 15-ը ՀՀ զինված ուժերում կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ։
Որոշման համաձայն` հավաքներին կմասնակցեն պահեստազորայինները։ Վարժական հավաքների ընթացքում զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով նաև տրանսպորտային միջոցներ կներգրավվեն ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող պետական մարմիններից։