Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունները ռուսական կողմի հետ այսօր կվերսկսվեն

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ բանակցություններում տեխնիկական դադար է հայտարարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն այսօր` մարտի 15-ին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ինչո՞ւ Ռուսաստանը հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում. հարցման արդյունքներ
Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյնի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի հետ։
«Փոխըմբռնումը 100% է։ Իսրայելի վարչապետ Բենեթի հետ զրույցը կարևոր էր նաև որպես բանակցային պրոցեսի մի հատված` այս պատերազմը հնարավորինս արագ և ազնիվ խաղաղությամբ ավարտելու համար: Մեր պատվիրակությունն այս ուղղույամբ աշխատել է նաև ռուսական կողմի հետ: Ինչպես ինձ հայտնում են` վիճակը վատ չէ, բայց տեսնենք դեռ, վաղը կշարունակենք»,- ասել է Զելենսկին։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին հանդիպումը կայացել էր մարտի 14–ին, առցանց ձևաչափով։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ մինչև մարտի 15-ը բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։