Վանաձորի ԲԿ–ում բացվել է պատերազմից տուժած զինվորների վերականգնողական բաժանմունք

Վանաձորի ԲԿ–ում բացվել է պատերազմից տուժած զինվորների վերականգնողական բաժանմունք
Վերականգնողական բաժանմունքը բացվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր բացվել է պատերազմից տուժած զինծառայողներին և վերականգնողական բուժման կարիք ունեցող բուժառուներին սպասարկող վերականգնողական բաժանմունք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` նշելով, որ այն բացվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։
Николя Азнавур на открытии реабилитационного центра для военнослужащих (15 марта 2022). Ванадзор
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համավարակի և պատերազմի օրերին «Ազնավուր» հիմնադրամի` Հայաստանին ցուցաբերած հումանիտար և մասնագիտական առաջնային օգնությունը վերածվում է երկարաժամկետ ծրագրերի` ուղղված վերականգնողական բուժօգնության հասանելիության ապահովմանը։
Անահիտ Ավանեսյան
«Մարզերի համաչափ զարգացումը առողջապահության նախարարության համար առաջնահերթություն է, ուստի առողջապահական համակարգի զարգացումը ևս պետք է շարունակվի այս տրամաբանության մեջ»,-ասել է նախարարը:
«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն էլ իր հերթին նշել է, որ պատերազմի ընթացքում շատերն անկարողության զգացողություն ունեին, իսկ հիմա կարող ենք ասել, որ այդ զգացողությունն այլևս չկա:
«Եվ հիմա յուրաքանչյուր ապաքինվող զինվորի տեսնելիս մեծ ուրախություն ու հպարտություն եմ զգում, որ կարողացել ենք օգնել նրանց վերադառնալ լիարժեք կյանք»,-ասել է նա։
Հիմնադրամի նախաձեռնած «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բազմաթիվ զինծառայողներ են վիրավորվել, և նրանց մի մասի ստորին և վերին վերջույթներն ամպուտացվել են։ Պաշտոնական տվյալների համաձայն` Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի վիրավորների թիվը շուրջ 11 հազար է։