Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսալաբորատորիաների հարցը․ Լավրով

Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին
Բանակցությունները Ուկրաինայի չեզոք ռազմական կարգավիճակի ապահովման շուրջ են ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հարցը մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքի պաշարների մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրանց ոչնչացման մասին կոնվենցիայի շրջանակում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների ավարտին։
«Մենք պահանջելու ենք այս իրավիճակում, առաջին հերթին, անդրադառնալ այս խնդրին այն պարտավորությունների համատեքստում, որոնք գործում են բոլոր այն երկրների համար, որոնք մասնակցում են կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիային։
Եվ երկրորդը՝ կրկնակի, եռապատիկ եռանդով ձգտելու ենք, որ ամերիկացիները դադարեցնեն արգելափակել մեր առաջարկը, որը ներկայացվել էր դեռ 20 տարի առաջ, այդ կոնվենցիային կից վավերացման հատուկ մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության մասին», - ասել է Լավրովը։
Նա ընդգծել է նաև, որ Ուկրաինայի հետ բանակցություններն ուղղված են նրա չեզոք կարգավիճակի ապահովմանը։
«Բանակցությունները, որոնք այժմ շարունակվում են, այդ գործընթացի բոլոր մասնակիցների համար անվտանգության երաշխիքների համատեքստում Ուկրաինայի չեզոք ռազմական կարգավիճակի ապահովման շուրջ են ընթանում, Ուկրաինայի ապառազմականացման համատեքստում, որ դրա տարածքից ՌԴ-ին ոչ մի սպառնալիք երբեք չառաջանա։
Եվ, իհարկե, երկրի ազգայնականացման քաղաքականության դադարեցման համատեքստում, որն ամրագրված է մի շարք օրենսդրական ակտերում, այդ թվում՝ բոլոր խտրական սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, որոնք դրվել են ռուսաց լեզվի, ռուսական կրթության, մշակույթի, ռուսական ԶԼՄ-ների վրա», - ասել է նա։
Դժվար հնարավոր լինի Արևմուտքի հետ բանակցությունները շարունակել, ինչպես նախկինում. Պեսկով
Հիշեցնենք՝ մարտի 14-ին մեկնարկել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը: Հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով ու ընդհատվել էր «տեխնիկական պատճառներով»։։
Մինչ այդ ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման են հասել քաղաքացիների տարհանման, ապրանքների և դեղերի առաքման համար համատեղ հումանիտար միջանցքներ ապահովելու հարցում։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ պատվիրակությունների միջև բանակցություններն ընթանում են անընդմեջ, ստեղծվել են աշխատանքային հատուկ խմբեր: