ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանի իշխանություններին մեղադրեց մարդասիրական հարցերի, Լեռնային Ղարաբաղի կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ անգործության մեջ: Այս մասին նա հայտարարեց Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Աբրահամյանը նկատեց` արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություններ են ստացվում Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին, քանի որ տեղի ունեցած վթարից հետո ադրբեջանցի զինծառայողները հայկական կողմին թույլ չեն տալիս մոտենալ գազատարին և վերանորոգել այն։
«Մենք անընդհատ լսում ենք Բաքվի դիրքորոշումը։ Նրանք խոսում են իրենց առաջ քաշած 5 պայմանի մասին, մինչ այդ էլ մեր ԱԳՆ-ն հայտնել էր Ադրբեջան ուղարկված առաջարկների մասին։ Ի տարբերություն ադրբեջանական պայմանների, որոնք արդեն հասանելի են և կարելի է ծանոթանալ դրանց, հայկականն անհնար է գտնել»,- նշեց Աբրահամյանը։
Նրա կարծիքով` սփյուռքի հետ աշխատանքը հավուր պատշաճի չի տարվում, իսկ դա կարող է ծանր հետևանքների հանգեցնել։ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, բրահամյանի խոսքով, անգործ է և ճիշտ կլինի փակել այն, իսկ դրա ֆինանսավորմանն ուղղված միջոցները բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին։
Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը և զբաղված են գործընկերների նկատմամբ պահանջների առաջադրմամբ, այլ ոչ թե աշխատանքով, այնինչ կարող էին ամրապնդել տնտեսությունն ու անվտանգությունը։
«Ռուսաստանին մեղադրում են այն բանում, որ նա չի օգնում Հայաստանին, բայց Ռուսաստանն օգնում է նրանց, ովքեր ճիշտ հարցադրումներ են անում, դրանք ժամանակին է առաջ քաշում և մատնանշում կողմերի շահը։ Եթե չեն կարողանում դա անել, ապա թող չմեղադրեն այլ երկրներին»,- ասել է ՌԴ հայերի միության ղեկավարը։
Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Արա Աբրահամյանը բազմիցս քննադատել է իշխանություններին և անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Ալյանս» կուսակցությանը։ Ինքն էլ պատգամավոր առաջադրվել չէր կարող, քանի որ վերջին 5 տարում Հայաստանում մշտական հիմունքներով չի բնակվել։