Մահացել է անվանի բժիշկ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը

Հովհաննես Սարուխանյանը. Արխիվային լուսանկար
Պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանը նաև Երևանի պատվավոր քաղաքացի էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Մահացել է անվանի բժիշկ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյան։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Կես դարից ավել Հովհաննես Սարուխանյանը ճերմակ խալաթ կրեց՝պատվով ու հպարտությամբ... Կոչումով բժիշկն իր անգնահատելի հետքն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում: ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչն իր օգտակար խորհուրդներով մշտապես մեր՝ վիրաբույժներիս, կողքին է եղել, սատար կանգնել, աջակցել բոլոր բարդ իրավիճակներում...»,–իր էջում տեղադրած նկարին կից գրել է Մուրադյանը։
Նա նշել է, որ բժիշկի ջանքերի շնորհիվ շատերն, այսօր, իրենց երկրորդ կյանքն են ապրում...
«Հարգել այն կոլեկտիվները, որտեղ աշխատում եք»,- բժշկի՝ երիտասարդներին ուղղված ամենակարևոր հորդորն է:
Արմեն Մուրադյանը ցավակցությունն է հայտնել մեծանուն բժշկի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին՝ իր և բժշկական համալսարանի ողջ անձնակազմի անունից։
Նշենք, որ 2021 թ–ին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել։