ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ։
Ըստ նախաքննության նյութերի` Երևան քաղաքի բնակիչներ Կ․Ե-ն և Ա․Ա-ն, 2021-2022 թվականների ընթացքում իրար հետ նախնական համաձայնության գալով, կազմակերպել են ՀՀ 20-ից ավելի քաղաքացիների անօրինական միգրացիան արտերկիր։ Ընդ որում, դա իրականացրել են օտարերկրյա պետություններ մուտքի թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով:
Քննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի զբաղվող խմբի անդամների բնակարաններում, արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, կեղծ կնիքներ, դրոշմներ, մի շարք քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր։
Նշված անձինք ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը անօրինական միգրացիայի կազմակերպման համար մինչև 8 տարվա ազատազրկում է նախատեսում։