ԿԲ–ն փորձում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսով

ՀՀ ԿԲ
ԿԲ–ի այս որոշումը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ ֆինանսական շուկայում ընթացող պրոցեսների բացասական ազդեցությունը, ինչպես նաև երկրում օրեցօր գրանցվող գնաճը կանխելու նպատակով Կենտրոնական բանկը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ գործող 8 %–ից հասցնելով 9.25%–ի:
Վերաֆինանսավորումն ավելացնելու որոշումը, ինչպես հայտնում են ԿԲ–ից, կայացվել է այսօր` մարտի 15-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում։
Նշվում է նաև, որ որոշվել է Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` սահմանել 10.75%, իսկ Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կայացրած որոշման մասին պարզաբանումներ կներկայացնի այսօր, ժամը 15:30-ին նախանշված մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 %։ Դա, ըստ ԿԲ նախագահի, արվել էր 2022թ–ի սկզբից գրանցված գնաճը զսպելու նպատակով։
Մարտին Գալստյանը հույս էր հայտնել, որ այդ քաղաքականության արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի ու կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին։
Հայաստանի կառավարության թիվ մեկ խնդիրը սպասվող գնաճի դեմն առնելն է. Խաչատուրյան