ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում կարևոր է։ Նման կարծիք են հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԶԲ գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինը։ Տեղեկությունը հայտնում է կառավարությունը` հավելելով, որ Գրիգորյանն այսօր ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին (15 մարտի, 2022թ). Երևան
© Photo : official site of the Government of RA
«Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ–ի հետ ձևավորված համապարփակ համագործակցության մակարդակը։ Նա կարևորել է ԱԶԲ–ի հետ համագործակցությունը նաև մասնավոր հատվածի համար՝ մասնավորապես ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտելով, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում, Գրիգորյանը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու հիմնական ուղղությունները:
Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսության ոլորտներում նախատեսված բարեփոխումներին։