Ադրբեջանի առավելապաշտական ու միակողմանի առաջարկը թույլ չի տալիս խոսել Արցախի ճանաչման մասին որևէ սահմաններով։ Հակառակը, Բաքուն փորձում է հարցը տեղափոխել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մակարդակ և այդ պայմանագրի կնքմամբ մեկընդմիշտ փակել ՀՀ–ի հնարավորությունները հետագայում որևէ կերպ բարձրաձայնելու արցախյան հիմնախնդրի գոյության մասին կամ պաշտպանելու Արցախի շահերն ու իրավունքները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վերլուծաբան Աննա Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանի առաջարկել է հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։
«Ադրբեջանի քաղաքականության հիմքում շարունակում է գերակայել այն սկզբունքը, թե արցախյան հակամարտությունը սպառված է, և հիմա պետք է ընդամենը խոսենք Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին։ Վերոհիշյալ սկզբունքներն այդ քաղաքականությունը շարունակող հերթական հանգրվանն են։
Ցավոք սրտի, Հայաստանի արձագանքը նույնպես որևէ հիմք չի տալիս պնդելու, որ հայկական կողմն ընդհանրապես քննարկում է Արցախի ճանաչման հարցը որևէ սահմաններով, որովհետև ՀՀ պաշտոնատար անձինք երեկվանից իրենց հարցազրույցներում մեկնաբանելով Ադրբեջանի առաջարկները` շեշտը դնում են ոչ թե կարգավիճակի խնդրի, այլ արցախահայության իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման վրա»,– ասաց վերլուծաբանը։
Կարապետյանի կարծիքով` Ադրբեջանն այսօր ամեն ինչ անում է արցախյան հիմնախնդրի էջը մեկընդմիշտ փակելու համար, իսկ հայկական կողմից չենք տեսնում դրան բավարար, կոշտ ու ադեկվատ արձագանք։ Ավելին, այն ինչ ունի հայկական կողմը, Կարապետյանի պնդմամբ, ընդհանրապես հնարավոր չէ խաղաղության դարաշրջան բացելուն ուղղված գործընթաց անվանել։
Ըստ նրա` ադրբեջանաթուրքական տանդեմն Արցախի ու Հայաստանի նկատմամբ իրականացնում է հարկադրանքի քաղաքականություն գործարկելով թե՛ ռազմական, թե՛ հոգեբանական ճնշման մեթոդներ։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։