ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Դոնեցկի վրա «Точка-У» հրթիռի օգտագործմամբ ուկրաինական զորքերի հարձակման հետևանքով 20 մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը։
Ավելի վաղ, քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել էր, որ Դոնեցկի կենտրոնում` կառավարական տան մոտ ուկրաինական «Точка-У» է խոցվել, կան տուժածներ։
«Նախնական տվյալներով` Դոնեցկի կենտրոնում «Точка-У» հրթիռի բեկորների ընկնելու հատվածում 20 զոհ և 9 վիրավոր կա։ Տեղեկությունը ճշտվում է»,– ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։
Իր հերթին Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինն ընդգծել է, որ զոհերի թվում երեխաներ էլ կան։
Բացի դրանից, ինչպես հայտնել են հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում, ուկրաինական զորքերը 15 րոպեում գնդակոծել են 2 բնակավայր, այդ թվում՝ Դոնեցկը, արձակել են 120 մմ տրամաչափով 4 ական:
«Արձանագրվել է կրակահերթ... Ալեքսանդրովկա բնակավայրի ուղղությամբ 2 ական է արձակվել 120 մմ տրամաչափով: Դոնեցկ քաղաքում նույնպես (Պետրովսկի շրջան) 120 մմ տրամաչափով 2 ական է արձակվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։