ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսաստանը Ուկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր ուղարկելու պատճառ չի տեսնում, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչովը։
Դիվանագետի խոսքով՝ խաղաղապահներ ուղարկելու հարց կազմակերպության Անվտանգության խորհրդի օրակարգում առայժմ չկա։
«Այդ հարցը դեռևս ներառված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ որևէ այլ միջազգային հարթակի օրակարգում»,- ասել է Իլյիչովը։
Նա ընդգծել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ՌԴ զինված ուժերի կողմից՝ հատուկ ռազմական գործողության նպատակներին ու խնդիրներին համապատասխան։
«Իրավիճակի կարգավորման հետագա ընթացքը կախված կլինի փոխզիջումներ փնտրելու ուկրաինական կողմի պատրաստակամությունից: Այսպիսով, իրերի ներկա վիճակը չի նախատեսում միջազգային կազմակերպության խաղաղապահ կոնտինգենտի ներգրավվածություն»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:
Մարտի 13–ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը պլանավորվում է անցկացնել այսօր` մարտի 14-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար, ռուս-ուկրաինական բանակցություններում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին, մեկնաբանելով բանակցությունների ընթացքը, հայտարարել էր, որ առկա է զգալի առաջընթաց: Նրա խոսքով՝ այս ամենը կարող է վերաճել կողմերի միասնական դիրքորոշման և փաստաթղթերի ստորագրման։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։