ՌԱԴԻՈ

Մեզ մոտ սպառողների իրավունքները պաշտպանված չեն, բարձիթողի վիճակ է. Կարեն Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ–ում սպառողների իրավունքների պաշտպանության խնդրին։
Sputnik
Մեզ մոտ սպառողների իրավունքները, ցավոք սրտի, գրեթե պաշտպանված չեն, բարձիթողի վիճակ է, օրենքը գեղեցիկ գրված է, բայց դրա կիրառման հետ կապված կան զգալի խնդիրներ, Sputnik Արմենիայի հետ զրույցվում նման կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
«Շատ սպառողներ որևէ խնդիր ունենալու դեպքում չգիտեն, թե ում կարելի է դիմել։ Դիմելու դեպքում էլ նրանց ուղարկում են մեկից մյուսի մոտ, մի գերատեսչությունից մեկ այլ գերատեսչություն, և նրանք ի վերջո դիմում են մասնագիտացված ՀԿ–ներին, որոնք, սակայն, լծակներ չունեն և կարող են միայն օգնել խորհրդատվությամբ կամ որոշ զանգերի միջոցով փորձեն հարցեր լուծել, բայց մեծ հաշվով սպառողների իրավունքների պատշաճ պաշտպանությամբ պետք է զբաղվի պետությունը։
Միակ կառույցը ֆինանսական հաշտարարի գրասենյակն է, որն արտադատարանական մարմին է և նրա որոշումներն ընդունվում են տնտեսվարողների ու ֆինանսական կազմակերպությունների կողմից»,– ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահը։
Չիլինգարյանի խոսքով` սպառողների փոխհատուցման մեխանիզմներին առնչվող հարցը տարիներ շարունակ բարձրաձայնվել է, ճիշտ է՝ տնտեսվարողները որոշ դեպքերում տուգանվում են, բայց դրանից սպառողները չեն շահում։
Ըստ նրա` մասնագիտացված ՀԿ–ները ժամանակին հանդես են եկել համապատասխան ֆոնդ ստեղծելու գաղափարով, որպեսզի սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ունենան ավելի մեծ հնարավորություններ։
«Ամբողջ աշխարհում նկատվում է գների բարձրացում, բայց ի տարբերություն մեր երկրի` քաղաքակիրթ պետություններում գնաճին զուգահեռ բարձրանում են նաև աշխատավարձերը, մինչդեռ Հայաստանում սպառողները մնում են խնդիրների ու տնտեսվարողների միջև գլխիկոր կանգնած։
Մեզանում ընդհանրապես գնաճն ունի հետաքրքիր դրսևորումներ։ Որոշ տնտեսվարողներ ոչ թե միանգամից են բարձրացնում ապրանքների գները, այլ դա անում են աստիճանաբար, որ սպառողները հարմարվեն իրավիճակին, բայցևայնպես ամսվա վերջում գների աճն արդեն ակնհայտորեն զգացվում է, իսկ տարվա կտրվածքով կազմում է զգալի տոկոս»,– նշեց Չիլինգարյանը։
Նրա դիտարկմամբ` թեև մերօրյա սպառողը համեմատաբար կրթված է ու գիտակից, լրջորեն է մոտենում խնդիրներին, ուշադիր զննում է ապրանքների պիտակները, մակնշումները, պիտանելիության ժամկետները, և այդ տեսակետից զգալի տարբերություն կա վերջին 15 տարիների կտրվածքով, բայցևայնպես խնդիրն այն է, որ ոչ բոլոր սպառողներն են այդպես վարվում։
ՌԴ դեղերի շուկայում խնդիրներ կան. որքանո՞վ կանդրադառնան դրանք հայաստանյան սպառողի վրա
Եվ եթե մթերային ապրանքների պարագայում շատ հարցեր տեղում հնարավոր է լուծել, ապրանքը հետ վերադարձնել, փոխել կամ բողոք ներկայացնել ՍԱՏՄ, ապա մյուս ոլորտներում իրավիճակն ուղղակի անհանդուրժելի է, տնտեսական ապրանքների պարագայում շատ տնտեսվարողներ, օգտվելով օրենսդրական բացերից, հրաժարվում են հետ վերցնել խոտանված ապրանքը, իսկ սպառողները ավելորդ քաշքշուկների մեջ չըկնելու համար չեն դիմում դատարան։
Նշենք, որ մարտի 15-ը համարվում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Այն առաջին անգամ նշվել է 1983 թվականին, իսկ 1985 թվականի ապրիլի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ամրագրել է սպառողների իրավունքների պաշտպանության ուղեցույցները։ Սպառողների իրավունքները իրավաբանորեն ճանաչված են նաև ՀՀ–ում։