Ղրիմն ու Դոնբասը հաջողվել է կապել ցամաքային միջանցքով

Ղրիմի փոխվարչապետ Մուրադովն ասել է, որ թերակղզին և Դոնբասը հաջողվել է միացնել ցամաքային միջանցքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Ղրիմն ու Դոնբասը Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման շրջանակներում հաջողվել է կապել ցամաքային միջանցքով, հայտնել Է Ղրիմի Հանրապետության՝ ՌԴ նախագահին առընթեր մշտական ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:
«Ղրիմն ու Դոնբասը այժմ Ուկրաինայի տարածքով անցնող ցամաքային միջանցք է կապում։ Վերահսկողության տակ է վերցվել Ղրիմից մինչև Մարիուպոլ ավտոմոբիլային ճանապարհը»,-ՌԻԱ Նովոստիին ասել է Մուրադովը։
Նրա խոսքով՝ քանի դեռ մարտեր են ընթանում ուկրաինացի ազգայնականների դեմ, ավտոմայրուղին կարող է օգտակար լինել ԴԺՀ-ի ազատագրված շրջանների բնակչությանը հումանիտար բնույթի բեռներ մատակարարելու համար:
«Այդ ճանապարհը կարող է Ղրիմի համար կարևոր մայրուղի դառնալ, որը թերակղզին կկապի Մարիուպոլի՝ Մերձազովյան շրջանի մետալուրգիական կենտրոնի և Դոնբասի արդյունաբերական շրջանի հետ: Խորհրդային տարիներին այդ հաստատուն ծածկույթով մայրուղին ապահովում էր Եվպատորիայից Մարիուպոլով դեպի Դոնեցկ տնտեսական բեռների միջանցիկ փոխադրումը»,-ընդգծել է մշտական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։