Դատարանն ազատ արձակեց Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավոյին»

Դավիթ Գալստյան
«Ոչ պիտանի» հրթիռների գործով մեղադրյալն ազատ արձակվեց խոշոր գրավի դիմաց
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը։
Նա տեղեկացրեց, որ դատարանը Գալստյանին ազատ արձակեց 50 մլն գրավի դիմաց` բավարարելով պաշտպանների բողոքը։

«Մենք արդեն ստացել ենք դատարանի որոշումը, և գումարը վճարելուց հետո Գալստյանն ազատ կարձակվի», - ասաց Անդրիկյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Դատարանը դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է կալանավորված անձանց խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են պաշտպանության նախկին նախարարին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։