ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Մանե Գրիգորյանը` թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Գրիգորյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի։
«Մանե Գրիգորյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»,– ասվում է հրամանում:
Նշենք, որ Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները կատարում էր Արմեն Սարգսյանը, որը Երևանի ավագանու անդամ է («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն)։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականից։
Facebook-ի իր էջում Սարգսյանը գրել է, որ շուրջ 3 տարի այդ կառույցը ղեկավարելուց հետո դադարեցնում է լիազորությունները։
Նա նշել է, որ Գրիգորիչի հեռանալով` մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ:
Սարգսյանը բարի ընթացք և հաջողություններ է մաղթել նոր տնօրենին և պատրաստակամություն ուժերի ներածին չափով աջակցել նրան այդ պատասխանատու պաշտոնում:
Հիշեցնենք` երգահան Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։ Նրան հուղարկավորել են Երևանի քաղաքային պանթեոնում։