Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը Sputnik Արմենայի եթերում ներկայացրել է հոբելյանական տարվա նախագծերի ժամանակացույցը և բովանդակությունը, խոսել Չարենցի ժառանգության ու պատգամների մասին։
«Մենք Չարենցի դեսպաններն ենք», - մեծանուն բանաստեղծի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ Sputnik Արմենայի հետ զրույցում ասում է Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։
Չարենցյան տարվա շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ե. Չարենցի տուն-թանգարանը նախաձեռնել են հոբելյանական մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել էր դեռևս 2021-ին։ Անցկացվել են փառատոններ, մրցույթներ այն երկու ժանրերում, որոնցում ստեղծագործում էր Չարենցը՝ պոեզիա և արձակ։
Եղել է «Չարենցի ոտնահետքերով» քաղաքային շրջայց-էքսկուրսիա՝ գրողի գրականության և արվեստի թանգարանից դեպի Գրանդ Հոթել-Երևան, որտեղ Չարենցը ապրել է 7 տարի` 1928-1935 թթ–ների ընթացքում։ Այնուհետև երթը շարունակվել և հասնել է Չարենցի հուշարձան, Չարենցի տուն-թանգարան։ Մանուկյանը վստահեցնում է, որ եղանակների տաքանալուն պես ծրագիրը կշարունակվի՝ ընդգրկելով ավելի շատ վայրեր ու մասնակիցներ՝ ավագ դպրոցի աշակերտներ, մեծահասակներ, զբոսաշրջիկներ։
Տարին հոբելյանական է, նախագծերը` շատ
Պատմում է, որ այս տարի գիրք նվիրելու օրը Հ․Թումանյանի թանգարանի հետ համատեղ անցկացվել է «Գիրքը՝ ծննդյան նվեր» խորագրով միջոցառում։ Բացառիկ ցուցադրություն է եղել Հայաստանի Ազգային գրադարանում՝ «Չարենցը` ազգայինում․ Չարենց 125» խորագրով։
Մարտի 13-ից Ե․Չարենցի տուն-թանգարանում բացված ցուցահանդեսին կներկայացվեն 125 գրքեր, որոնք պահվում են Չարենցի անձնական գրադարանում, որում Չարենցն ունեցել է ավելի քան 6000 անուն գիրք։
«Բայց ինչպես կյանքի վախճանն էր ողբերգական, այնպես էլ՝ ձեռագրերի ու գրքերի ճակատագիրը։ Այսօր թանգարանում պահվում է 1452 գիրք։ Ի ուրախություն հանրությանը, պահպանված գրքերը համակարգվել են և լույս տեսել մատենագրության գրքի տեսքով», - տեղեկացնում է տնօրենը։
Հոբելյանական օրը նաև տեղի է ունեցել ռեժիսոր Գոռ Մարգարյանի «Ամբոխները խելագարված» պոեմի բեմականացումը, որն իրականացրել է իր արվեստանոցի ուսանողների հետ։ Նման բան առաջին անգամ է լինելու թանգարանի 2 հարկերում, ինչը նոր մոտեցում է թանգարանի միջավայրի համար։
Ժամանակի շնչին համընթաց
Խոսելով թանգարանի ընթացիկ ծրագրերի մասին` Ժաննա Մանուկյանը ընդգծում է նորագույն տեխնոլոգիաների ներմուծման կարևորությունը՝ ժամանակի պահանջներին համընթաց քայլելու համար։ Օրինակ`Չարենցի մտերմուհու՝ Ռեգինա Ղազարյանի կողմից ստեղծված նկարը, որը վերնագրված է «Չարենցի վերջին ճանապարհը հավերժություն», այսօր հասանելի է «Լուպա» հավելվածում։
Եվ կտավում պատկերված ձեռագրերը խոսում են այդ հավելվածի միջոցով։ Մի շարք անակնկալներ կբացահայտվեն տարվա ընթացքում, մինչև պոետի հիշատակի օրը՝ նոյեմբերի 27-ին։
Հայտնի ու անհայտ Չարենցը
Հարցին, թե արդյո՞ք, այսօր` պոետի մահից 85 տարի անց, նրա հսկայական գրական ժառանգությունն ամբողջությամբ բացահայտված է Մանուկյանը ասում է, որ դեռևս կան անտիպ, չհրատարակված գործեր, քանի որ նրա ձեռագրերն այսօր շատ մասնավոր հավաքածուներում են։ «Բնականաբար, դրանք չեն ուսումնասիրվել, չեն հրատարակվել, հետևաբար մենք դեռ ունենք ճանապարհ՝ Չարենցին բացահայտելու։
Ու թեև Չարենցի ձեռագրերը մեկտեղելու վերաբերյալ մշտական կոչը չի դադարում, այնուամենայնիվ, մարդիկ, ովքեր ունեն դրանք դժվարությամբ են բաժանվում, եթե, իհարկե, բաժանվում են այդ մասունքներից», - նշում է տնօրենը։
Չարենցի ընտանիքը
Այս հարցում շատ է օգնում Չարենցի ընտանիքը։ Վերջերս կազմակերպված «Մասնավորից՝ պետություն» նախաձեռնության շրջանակներում Չարենցի ընտանիքը 15 ձեռագիր նվիրաբերեց թանգարանին, որը լավագույն վայրն է դրանք ուսումնասիրելու և Չարենցի գրական ժառանգությունից նոր ուղերձներ բացահայտելու համար։
Նշենք, որ Չարենցի ընտանիքն այսօր ներկայացնում են կրտսեր դուստրը՝ Անահիտը, թոռնուհին՝ Գոհարը, որը նաև թանգարանի գիտաշխատողն է, Արմեն Չարենցը՝ Արփենիկի որդին, ում կապը ակտիվ և բարեկամական է թանգարանի հետ։
«Շատ կարևոր է հավաքագրել Չարենցի բոլոր ստեղծագործությունները և պատրաստել ակադեմիական հրատարակության։ Աշխատում ենք առաջին հատորի վրա, հետագայում դրանց թիվը կարող է հասնել 8-10 հատորի։ Նպատակը մեկն է՝ նորովի բացահայտել Չարենց-բանաստեղծին», - վստահեցնում է Ժաննա Մանուկյանը։
Հասկանանք Չարենցի «կոդը»
Չարենցի կյանքը մի մեծ պայքար էր, նա տեսել էր դարակազմիկ ողբերգություններ՝ 1915-ի և 1937-ի։ Դասեր և պատգամներ, որ ունենք քաղելու նրա գրական ժառանգությունից, տնօրենի բնութագրմամբ, ուղերձներ են, որոնք ճիշտ ընկալման դեպքում, պետք է օգնեն մեզ այսօր։ Իր ամենամեծ ուղերձը՝ իր մեծ հայրենասիրությունն էր և մտահոգությունը հայրենիքի հանդեպ։
Ժաննա Մանուկյանը խոստովանում է, որ անձամբ իրեն Չարենցը գրավել է իր վեհությամբ, արկածներով, ազատասիրությամբ։ «Փորձում եմ իր ուղերձներով կազմակերպել թանգարանի աշխատանքը։ Թանգարանի աշխատակիցներով հաճախ ենք կրկնում, որ Չարենցի դեսպաններն ենք, և դա մեզ համար մեծ պատիվ է»։ Իսկ «Ես իմ անուշ Հայաստանին» Մանուկյանը համարում է ոչ թե բանաստեղծություն է, այլ աղոթք՝ գունազարդված սարյանական գույներով։
Բոլորիս հայտնի չարենցյան` «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» ասույթին այսօր միանում է ոչ պակաս արդիական և ինչ-որ տեղ մարգարեական մեկ այլ միտք. «Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ»։ Ամփոփելով զրույցը` Ժաննա Մանուկյանը ասում է․«Որքան շատ ենք կարդում Չարենց, այնքան շատ «կոդեր» ենք տեսնում, որոնք կարող ենք որպես ուղղություն վերցնել մեզ համար»։