Նազարբաևի եղբորորդուն կալանավորել են Ղազախտելեկոմի միջոցների յուրացման գործով

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում (28 դեկտեմբերի, 2021թ): Սանկտ Պետերբուրգ. Արխիվային լուսանկար
Քննվում է Սաթիբալդյուլիի մասնակցությունը պետության անվտանգությունը խաթարող այլ հանցագործություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ղազախստանի հակակոռուպցիոն ծառայությունը ձերբակալել է Կայրաթ Սաթիբալդյուլիին, որը երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդին է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Հակակոռուպցիոն ծառայությունը հետաքննում է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Ղազախտելեկոմ» ԲԲԸ-ի միջոցները առանձնապես խոշոր չափերով հափշտակելու փաստերով: Այս հանցագործությունները կատարելու կասկածանքով Կայրաթ Սաթիբալդյուլին բերման է ենթարկվել և պահվում է ժամանակավոր կալանավայրում»,- ասվում է զեկույցում։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ստուգվում է Սաթիբալդյուլիի մասնակցությունը պետության անվտանգությունը խաթարող այլ հանցագործություններին։
«Ղազախտելեկոմ» ԲԲԸ-ն հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորն է Ղազախստանում: Ըստ լրատվամիջոցների՝ Սաթիբալդյուլիի Alatau Capital Invest (ACI) ընկերությունը 2016 թվականին ձեռք է բերել Ղազախտելեկոմի 3,4% բաժնետոմսերը։