ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկը, հանդիպել այնտեղ ժամանակավորապես բնակվող տեղահանված քաղաքացիներին:
Արտակ Բեգլարյանը հանդիպել է տեղահանված քաղաքացիներին:
Պետական նախարարը զրուցել է նրանց հետ և լսել հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ներկայացրել բնակարանային ապահովման շուրջ իրականացվող պետական քաղաքականությունը: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ մեր բոլոր տեղահանված հայրենակիցներն ապահովվելու են անհրաժեշտ բնակտարածքով, իսկ բնակարանների տրամադրման գործընթացն իրականացվելու է թափանցիկ ու արդար եղանակով՝ կիրառելով էլեկտրոնային հերթագրման համակարգ:
Արտակ Բեգլարյանը հանդիպել է տեղահանված քաղաքացիներին:
Տեղահանված քաղաքացիների հետ քննարկվել են նաև հանրային հնչեղության մի շարք այլ հարցեր: Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու հատկապես պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին, կատարում անհրաժեշտ նախազգուշական աշխատանքներ, որոնք երբեմն հրապարակայնացման ենթակա չեն:
Ինչ վերաբերում է գազամատակարարման վերականգնմանը և ենթակառուցվածքների անխափան աշխատանքին, Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունների կողմից կիրառվում են ազդեցության բոլոր հնարավոր լծակները, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմի և ՀՀ գործընկերների աջակցությամբ բանակցություններ են վարվում՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին արդյունքները շոշափելի կլինեն և իրավիճակը կկարգավորվի:
Արտակ Բեգլարյանը հանդիպել է տեղահանված քաղաքացիներին:
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Արցախի բնակավայրերը, նաև թույլ չի տալիս իրականացնել Հայաստանից գնացող գազատարի վերանորոգումը։