ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ արդյոք բարձրաստիճան պաշտոնյաները փախել են Արցախից, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։
Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և այդպիսի դեպքերի մասին շտապ զեկուցելու հանձնարարական։ Նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք անկասկած արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։
«Հակառակ պարագայում փաստվելու է, որ նման կեղծ պնդումները հետապնդում են ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության մթնոլորտի ձևավորման, ազգային համախմբման հատկապես այս կարևոր պահին ներքին թշնամություն հրահրելու նպատակ, ինչը մեղմ ասած անընդունելի ու անցանկալի է», - նշվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Արցախում արդեն քանի օր է գազաֆիկացումը դադարեցված է, ադրբեջանական տիրապետության տակ անցած կողմում գազատարի խափանման պատճառով, վերջին օրերին հակառակորդը պարբերաբար կրակում է Ասկերանի և Մարտունու ուղղությամբ։