ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց Բաղրամյան 26-ին ու նախագահական նստավայրը փոխանցեց ՀՀ նորանշանակ նախագահ Վահագն Խաչատուրյանին, հայտնում են նախագահականից։
Խաչատուրյանը տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում: Նախագահական պալատի մուտքի մոտ նրանց դիմավորել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ։
Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց Բաղրամյան 26-ին ու փոխանցեց այն Վահագն Խաչատուրյանին
Դիմավորմանը հաջորդած զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել։
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հանրապետության նախագահի պաշտոնը և իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես համապետական և համազգային շահերով։
Զրույցի ավարտին նրանք շրջել են նախագահական նստավայրի տարածքում:
Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց Բաղրամյան 26-ին ու փոխանցեց այն Վահագն Խաչատուրյանին
Ալեն Սիմոնյանը նախագահի լիազորություններ էր կատարում մոտ մեկուկես ամիս. նա ստանձնել էր ժամանակավոր պաշտոնը փետրվարի 1-ին։
Նշենք, որ այսօր Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ 5–րդ նախագահի երդմնակալության արարողությունը։
Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։