ՌԴ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է հետևանքների մասին՝ Ուկրաինային սպառազինություն փոխանցելու դեպքում

Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածք հասնող զենքի պահնորդական շարասյունները ռուսական ԶՈւ-ի օրինական թիրախը կդառնան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Ուկրաինային զենք և ռազմական տեխնիկա փոխանցելու հետևանքների մասին։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Դիվանագետի խոսքով՝ օտարերկրյա զենքի շարասյունները, որոնք «անխոհեմորեն մատակարարվում են Ուկրաինային», օրինական թիրախներ կդառնան ռուս զինվորականների համար:
«Մենք նախազգուշացրել ենք ԱՄՆ-ին, որ Ուկրաինան իրենց դիրիժորությամբ սպառազինությամբ լցնելը (մի ամբողջ շարք երկրներից) ոչ միայն պարզապես վտանգավոր քայլ է, այև գործողություն է, որը համապատասխան պահնորդական շարասյունները օրինական թիրախների է վերածում»,-նշել է փոխնախարարը։
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն և ԵՄ-ի որոշ երկրներ Կիևին ակտիվորեն զենք և զինամթերք են մատակարարում։ Բացի այդ, շաբաթ օրը Washington Post թերթը հաղորդել է, որ Ուկրաինան Արևմուտքի երկրներից Ս-300 զենիթահրթիռային համալիրներ է խնդրել, և բանակցություններ են ընթանում դրանց մատակարարումների հնարավորության շուրջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 17–րդ օրը։