Անվտանգության երաշխիքների մասին ռուսական առաջարկները մասնակիորեն կորցրել են ուժը. Ռյաբկով

Ռուսաստանի փոխարտգործնախարարը ռազմավարական սխալ է անվանել անվտանգության շուրջ բանակցությունների թեման փոխարինելու` ԱՄՆ-ի փորձերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերով երկխոսության վերսկսմանը, եթե ԱՄՆ-ն պատրաստ է դրան։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի շուրջ։

«Մենք, եթե ամերիկացիները պատրաստ լինեն դրան, իհարկե կարող ենք վերսկսել երկխոսությունը և տրամադրված ենք դրան, ինչպես և ՀՍԿՊ-ի շրջանակում աշխատանքին, որտեղ ևս որոշակի դադար կա։ Ամեն ինչ Վաշինգտոնից է կախված»,-ասել է նա։

Անդրադառնալով Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին, որոնք հրապարակվել են անցյալ տարվա դեկտեմբերին, Ռյաբկովը նշել է, որ հազիվ թե դրանք լիովին ուժի մեջ են մնում, քանի որ եվրոպական անվտանգության հետ կապված իրավիճակն արմատապես փոխվել է: Նա ռազմավարական սխալ է անվանել ՌԴ-ի հետ անվտանգության շուրջ բանակցությունների օրակարգը փոխելու` Վաշինգտոնի փորձերը:
Շտապ պետք է ԱՄՆ-ի պատասխանը ՌԴ առաջարկներին. Ռյաբկով
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի կողմից ռազմավարական կայունության թեմայով միակողմանի զիջումներ չեն լինի։
«Վերջին տարիների ընթացքում մենք մշտապես ընդգծել ենք, որ ռուսական կողմից որևէ միակողմանի զիջում չկա և չի կարող լինել։ ԱՄՆ-ի «ուզում եմ»-ներին ընդառաջ ոչ մի քայլ չի կարող լինել»,-ասել է Ռյաբկովը։
Նա կարծում է, որ Մոսկվան չափազանց տևական ժամանակ համոզվել է, որ Վաշինգտոնում իրեն չեն լսում և հաշվի չեն առնում Ռուսաստանի արմատական շահերը:
Փոխնախարարը միաժամանակ հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվում և շարունակվում են մշտական ռեժիմով:
Ռյաբովը նաև քննադատել է երրորդ համաշխարհային պատերազմի մասին Վաշինգտոնի հայտարարությունները: Նա նման արտահայտությունները նյարդերի վրա խաղալու փորձ է անվանել։
ՌԴ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է հետևանքների մասին՝ Ուկրաինային սպառազինություն փոխանցելու դեպքում
Անդրադառնալով Մոսկվայի հակադարձ միջոցառումներին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին ի պատասխան, Ռյաբկովը հայտնել է, որ Արևմուտքի դեմ պատասխան անհատական պատժամիջոցների ցուցակները պատրաստ են:
Անցյալ տարվա վերջին Մոսկվան Բրյուսելին և Վաշինգտոնին է փոխանցել անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը, գլխավոր պահանջը ՆԱՏՕ-ի՝ արևելք չընդարձակելն էր, մասնավորապես՝ Ուկրաինայի հաշվին: Սակայն արևմտյան գործընկերները, ռուսական ղեկավարության կարծիքով, անտեսել են այդ կետը իրենց հետագա պատասխանում։